BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին

Բակո Սահակյանն անդրադարձել է Արցախում տեղի ունեցած իրադարձություններին
12.06.2018 | 10:07

Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում Արցախի նախագահը հիշեցրել է, որ Արցախում բողոքի ակցիայի առաջին իսկ պահից ինքն արձագանքել է մասնակիցների պահանջներին: «Մի շարք հանդիպումներ եմ ունեցել ակցիայի կազմակերպիչների հետ, որոնց ժամանակ անկեղծ և բաց մթնոլորտում քննարկվել են նրանց բարձրացրած բոլոր հարցերը: Դուք գիտեք, որ տեղի ունեցած ցավալի միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, և ներկա դրությամբ ընթանում է հետաքննություն: Ես ընդգծել եմ, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ Այսպիսինն էին բուն միջադեպը և դրա լուծմանն ուղղված քայլերը»,- ասել է նա:


Նախագահը հավելել է, որ հետագայում եղել են այլ զարգացումներ` ցույցեր և առաջ քաշվել այլ պահանջներ: «Եվ այստեղ էլ կան բոլորիս, առաջին հերթին իշխանությունների համար հետևություններ անելու շատ ու շատ հարցեր: Մենք միշտ պատրաստ ենք եղել և այսօր էլ պատրաստ ենք լուծում տալ վեր հանված խնդիրներին, որոնք արդարացի դժգոհությունների պատճառ են հանդիսացել»,- ընդգծել է Բակո Սահակյանը: Նա ցավով նկատել է, որ նաև ականատես են եղել մի խումբ անձանց կողմից մարդկանց արդարացի պահանջների քաղաքականացմանն ու շահարկումներին:

«Մի կողմ թողնելով այս ամենի բարոյական կողմը՝ ուզում եմ նշել, որ մեր պարագայում դա իսկապես հղի է անկանխատեսելի հետևանքներով: Մեր ժողովուրդը քաջ գիտակցում է, որ միայն ամուր, կուռ, համախմբված ու միասնական հասարակությունը կարող է լուծել այնպիսի բարդ ու կարևորագույն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև՝ լինի ներքին, թե արտաքին ասպարեզներում: Անթույլատրելի եմ համարում ցանկացած քայլ, որը սպառնալիք է մեր համախմբվածության, կայունության ու անվտանգության համար: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը հենց այդպես էլ մտածում է, ինչի համար ես շատ ու շատ շնորհակալ եմ ձեզ, իմ սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ»,- նշել է Սահակյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի ստեղծված ներքաղաքական իրավիճակը` քաղաքական ճգնաժա՞մ, անկայունությո՞ւն, Բակո Սահակյանը պատասխանել է. «Դուք շատ ճիշտ հարց հնչեցրիք, որովհետև շատ կարևոր է իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում: Եվ ես ուղիղ կպատասխանեմ այդ հարցին մեր ժողովրդի համար: Տարբեր մարդիկ տարբեր նպատակներով տեղի ունեցածին տալիս են իրենց գնահատականները՝ այդ թվում նաև ձեր կողմից հնչեցված որակումներով: Բայց իմ խորին համոզմամբ՝ մեզ մոտ չկան այնպիսի դրսևորումներ, որոնք կբնութագրեն իրավիճակը որպես քաղաքական ճգնաժամ, ոնց ներկայացնում են ոմանք: Փաստերը հետևյալն են. մեզ մոտ տեղի է ունեցել ցավալի միջադեպ, ինչին հաջորդել են բողոքի ակցիաներ, բայց այն շրջանակներում, որոնք հեռու են նման որակումներից: Եվ զարգացումները եղել են միայն ու միայն այդպիսին, դա արդյունք է առաջին հերթին մեր ժողովրդի խոհեմության ու բարձր գիտակցության: Համոզված եմ, որ կայուն ու հանդարտ վիճակ մեր երկրում կպահպանվի այսուհետ ևս»:

Բակո Սահակյանն անդրադարձել է նաև հարցին, թե ի՞նչ հետևություններ է անհրաժեշտ անել տեղի ունեցածից: Արցախի նախագահն ընդգծել է, որ տեղի ունեցածը պահանջում է լուրջ և բազմակողմանի վերլուծություն: Դա ահազանգ է հանրությանը մտահոգող և լուծում պահանջող տարաբնույթ հարցերի մասին: Հետևություններն անվերապահորեն արվել և արվելու են: «Դուք քաջատեղյակ եք այն մեծածավալ աշխատանքների մասին, որ անցած տարիների ընթացքում իրականացրել ենք միասին՝ մեր ժողովրդի անվտանգության, երկրի պաշտպանունակության, սոցիալ-տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ: Կատարվածը ակնառու է, և ես նպատակահարմար չեմ գտնում այսօր կանգ առնել դրա վրա: Սակայն դա չի նշանակում, թե մենք չենք տեսնում այն խնդիրները, որոնք առկա են: Դրանց լուծումը կլինի մեր այսօրվա և հետագա աշխատանքների օրակարգում, մենք հետևողականորեն անդրադառնալու ենք այդ հարցերին: Բայց այս խնդիրների լուծման հիմքում պետք է լինի կառուցողական մոտեցում: Մենք չպետք է թույլ տանք շահարկումներ, որոնք ենթադրում են քանդել եղածը, այլ ոչ թե պահպանել ու ավելացնել կառուցածը: Ասածիս վառ ապացույցն է, որ հենց նման կառուցողական ճանապարհով են գնում շատ ու շատ պետություններ, և առաջին հերթին՝ առաջադեմ ու քաղաքակիրթ երկրները, որոնք ընտրել են կայուն, անցնցում և շարունակական զարգացման ուղին»,- ասել է Սահակյանը:


Նա հատուկ խոսել է առանձին ղեկավարների գործելաոճին ուղղված արդարացի դժգոհությունների մասին` շեշտելով, որ այդ հարցում էլ լուրջ անելիքներ ունեն: Բակո Սահակյանը վստահեցրել է, որ անպայման ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ միայն ու միայն այն տրամաբանությամբ, որի հիմքում ընկած կլինի աշխատանքների բարելավման կամքը և այնպիսի կադրերի ընտրությունն ու նշանակումը, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը՝ որպես համապատասխան մասնագիտական ու բարոյական ունակություններով օժտված անձնավորություններ, և բարձր պատասխանատվությամբ ու արդյունավետորեն իրականացնում են իրենց գործառույթները:

Դիտվել է՝ 2005

Մեկնաբանություններ